ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մահացու հրազենային վիրավորում ստացած 2 զինծառայողին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։
«2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանը մտահոգված է զինված ուժերում նման դեպքերի առկայությունով։ Նա կարևորել է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ժորա Կարապետյանը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են ծառայակիցները։
Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել օգոստոսի 11-ին։ Մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գառնիկ Խնկոյանը։ Նրան հայտնաբերել են գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Ըստ ԶԼՄ–ների` մահացած զինծառայողները նույն զորամասից էին, ծառայում էին Արարատում։