Բաքուն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ միջազգային իրավապաշտպան

Քենեթ Ռոթը շեշտել է, որ Լաչինի ճանապարհի շրջափակման հետևանքով մարդասիրական արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից արդեն 8 ամիս շարունակվող Լաչինի ճանապարհի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։
Նա գրառմանը կից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ նաև Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների կոչն է կցել։
«Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը»,- գրել է Ռոթը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։