Արժեքավոր է մարդկության համար. ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում հայկական նոր հուշարձան կարող է ընդգրկվել

Հայաստանը վերջին անգամ ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում օբյեկտ է գրանցել 2000 թվականին, իսկ նախնական ցանկն էլ վերջին անգամ թարմացվել է 1995–ին ։ Մոտ 3 տասնամյակ անց Հայաստանը պատրաստվում է նոր հուշարձանի գրանցման հայտ ներկայացնել։
Sputnik
Երկար տարիների ընդմիջումից հետո ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական նոր հուշարձան կարող է գրանցվել։ Խոսքը Տիրինկատարի Վիշապաքարերի հովտի մասին է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մասնագետների հետ այցելել է վիշապների պաշտամունքի վայր՝ սեփական աչքերով տեսնելու և պատմելու տարածքի բացառիկության և համամարդկային արժեքի մասին։

Տիրինկատար` սրբազան հովիտ

Տիրինկատարի մասին քչերն են լսել, ավելի քչերը` ոտք դրել։ Վիշապաքարերի հովիտը մոտ 3000 մետր բարձրության վրա է` Արագած լեռան հարավ–արևմտյան լանջին։ Թեպետ այստեղի «թագն ու պսակը» վիշապաքարերն են, բայց մոտ 40 հա տարածք ընդգրկող այս սարահարթը պատմական տարբեր ժամանակաշրջաններին վերագրվող բազմազան գանձեր ունի։
Արագածը` Տիրինկատարի բարձունքից
2013 թվականից սկսած` այստեղ ամեն տարի ամռանը մոտ 3 շաբաթ պեղումներ են իրականացվում։ Այս 10 տարիների ընթացքում գտնվել են 12 վիշապաքարեր, հնագույն դամբարաններ, «հսկայի տներ», ժայռապատկերներ, կրոմլեխներ, ջրանցքներ և այլն։ Պեղումների ընթացքում հնագիտական արշավախմբի անդամները հենց բարձունքում էլ ապրում են` վրաններում։
1 / 3

Հարակից յայլաները

2 / 3

Հարակից յայլաները

3 / 3

Հարակից յայլաները

Եղանակն այստեղ անկանխատեսելի է` մեկ այրող շոգ է, մեկ` քամի, մեկ ցուրտ է, մեկ անձրև ու կարկուտ։ Պայմանները հեշտ չեն, բայց արշավախումբն այս տարիների ընթացքում միայն մեկ սեզոն է բաց թողել` կորոնավիրուսային տարում։
Պեղումներ Վիշապաքարերի հովտում

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Տիրինկատարի վիշապաքարերի հովիտը 2012 թվականին պատահական գտնվեց։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը պատմում է, որ Բյուրականում տեղացիների զրույցներից իմացավ` սարի վրա ջրագծի անցկացման ժամանակ տարօրինակ մեծ քարեր են գտնվել։ «Բարձրացանք, տեսանք ու հասկացանք, որ տեղ ենք հասել»,– ժպտում է հնագետը։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը
Սկսեցին հետազոտություններ անել, վայրի մասին տեղեկություններ որոնել։ Մի հետաքրքիր տվյալի հանդիպեցին` 1934 թվականին մի արշավախումբ հասել է Տիրինկատար և տարածքն անվանել «վիշապների բլուր»։
Հնագետներն այս սարահարթը բնորոշում են այսպես՝ սա յուրահատուկ վայր է, որտեղ երևի թե բոլոր դարաշրջաններից ինֆորմացիա կա։
Մասնագետների խումբը Վիշապների հովտում
«Այստեղ մի երկու շրջան է բացակայում` Ուրարտուի շրջանը, հելլենիստականն ու բուն Կուր–Արաքսյանը։ Բայց այդ ժամանակներից ևս գտածոներ ունենք, մոտավորապես 26-27–րդ դարով թվագրվող կառույցից Կուր–Արաքսյան ժամանակաշրջանի խեցեղենի բեկորներ են գտնվել»,– նշում է արշավախմբի ղեկավարը։

Տիրինկատարի «վիշապներն» օտարներին էլ գերեցին

Արդեն 10 տարի է` հայ մասնագետների հետ կողք կողքի վիշապաքարերի գաղտնիքներն են ուսումնասիրում Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալեսանդրա Ջիլիբերտն ու Բեռլինի Ֆրայի համալսարանի պրոֆեսոր Պավոլ Հնիլան։ Ի դեպ, նրանք Արսեն Բոբոխյանի ուսանողական տարիների ընկերներ են, Ալեսանդրան ու Պավոլը` նաև ամուսիններ։
1 / 2

Պավոլ Հնիլան

2 / 2

Ալեսանդրա Ջիլիբերտը

«Ես 2012 թվականին գրեցի Արսենին, որ կուզեի Հայաստանում աշխատել, հետաքրքիր ի՞նչ կառաջարկի։ Ինքն էլ ասաց` երազանք ունի պեղումներ անել այս վայրում։ Առաջին անգամ լսեցի «վիշապների» մասին։ Եկանք ու ահա 10 տարի անց էլի այստեղ ենք։ Ես երբեմն մտածում եմ` մենք այսքան աշխատանք ենք անում, համալսարաններում ենք դասավանդում, բայց մնայունը սա է` այն, ինչ մենք այստեղ ենք անում, սա է արժեքը»,– պատմում է Ալեսանդրան։
Պողումների վայրում
Այն հստակ վայրում, որտեղ կանգնեցված են եղել վիշապաքարերը, հնագետները հայտնաբերել են կենդանիների (այծ, կով, ոչխար) այրված ոսկորների հազարավոր կտորներ, որոնք մոտավորապես 4000-4300 տարեկան են։ Այն, որ ոսկորներն այրված են, խոսում է որոշակի ծիսականության մասին։ Ալեսանդրան շեշտում է` այն, ինչ այստեղ է, ոչ միայն հայ ժողովրդի համար է արժեքավոր, այլև առհասարակ ամբողջ մարդկության, քանի որ սա հնագույն կրոնական պատկերացումների ֆանտաստիկ օրինակ է։
Մասնագետները ուսումնասիրում են տեղանքի քարտեզը
«Սա մեծ մի բանի էպիկենտրոն է եղել, ես աշխարհում նման բան չեմ տեսել»,– հավելում է պրոֆեսորը։
Խորհրդային տարիներին տարածքում ծանր տեխնիկա, տրակտոր աշխատել է, այսինքն` որոշակի վնասներ եղել են։ Բայց այս բացառիկ հնավայրը թերևս «փրկվել է» դժվարամատչելի լինելու շնորհիվ։ Գանձագողերն էլ են եկել ու գնացել։

Վիշապների պահապանները

Արշավախմբի հետ միասին ամռան երեք շաբաթներն այստեղ է անցկացնում Անդրանիկ ձյաձյան (այդպես են նրան բոլորն անվանում) իր ընտանիքի հետ։ Ինչպես հնագետներն են պնդում՝ եթե այս ընտանիքը չլիներ, իրենց համար աշխատանքը շատ ավելի բարդ, միգուցե անհնարին լիներ։ Նրանք մոտակա Աղավնատուն գյուղից լեռն են բարձրանում, վրանները նախապատրաստում, հոգ տանում արշավախմբի մասին, օգնում տարբեր հարցերում։
Անդրանիկ ձյաձյան
«Մենք դեռ ծնված չէինք, Անդրանիկ ձյաձյաենք էս վիշապներին պահպանում էին»,- ասում է Արսեն Բոբոխյանը։
Անդրանիկը պատմում է, որ թեժ վեճեր, ընդհուպ կռիվներ են եղել, բայց ամեն ինչ արել են «հսկաների գերեզմանները» պահպանելու համար։
Անդրանիկ ձյաձյաենց ընտանիքը պեղումների 10–ամյակի առիթով անակնկալ է մատուցել հնագետներին
«Մենք էս տեղը գիտեինք որպես հսկաների գերեզման։ Դե որ մեծ քարեր էին, մտածում էինք՝ հսկաներ պետք է թաղված լինեին։ Մեր տատերը մեզ սովորեցրել են, որ գերեզմանները քանդել չի կարելի, դրա համար մենք պահպանում էինք ու թույլ չէինք տալիս, որ քանդեն»,- պատմում է Անդրանիկ ձյաձյան։

Վիշապաքարերը` Հայկական լեռնաշխարհի ֆենոմեն

Աշխարհում միակ վայրը, որտեղ վիշապաքարեր կան, Հայկական լեռնաշխարհն է։ Սա զուտ հայկական մշակութային երևույթ է։ Վիշապաքարերը հիմնականում բարձր լեռներում են, որովհետև, ըստ լեգենդի, վիշապներն այնտեղ են ապրել։ Արսեն Բոբոխյանն արդեն երկար տարիներ է` վիշապաքարերի ուսումնասիրությամբ է զբաղվում։ Արագածում մինչ այժմ գտնվել է 5 վիշապաքար, Գեղամա լեռներում` 8։ Մի քանիսն էլ գտնվել են Արևմտյան Հայաստանի և Ջավախքի տարածքում։ Տիրինկատարում վիշապաքարերի ամենամեծ կուտակումն է։ Բիոքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ այստեղից գտնված «վիշապների» քարերը ոչ հեռու վայրերից են բերված, հիմնականում անդեզիտ ու բազալտ են։ Առայժմ գտնված 12 վիշապաքարերից 4-ը ձկան պատկերով են, 8-ը` ցլի։
1 / 6

Հայտնաբերված վիշապաքարերը

2 / 6

Ցլի տեսքով վիշապաքարի գծանկարը

3 / 6

Հայտնաբերված վիշապաքարերից

4 / 6

Ցլի տեսքով վիշապաքարի գծանկարը

5 / 6

Հորթի ծնվելու տեսարանը վիշապաքարի վրա

6 / 6

Հայտնաբերված վիշապաքարերից

Իմանալու համար, թե ինչու է վիշապաքարերի վրա ձուկ և ցուլ պատկերված, Բոբոխյանն առաջարկում է միջնադարյան գրականությունը թերթել։ Եզնիկ Կողբացու գործերում վիշապի տրանսֆորմացիայի մասին հիշատակումներ կան` վիշապը և՛ ցուլ, և՛ ձուկ, և՛ մարդ է դառնում։ Գրիգոր Մագիստրոսն էլ նշում է, որ վիշապներն ապրում են սարերի գլխին։
Վիշապների պաշտամունք տարբեր ժողովուրդներ են ունեցել, բայց հայկական վիշապը տարբերվում է մյուսներից։
Մասնագետների խումբը վիշապաքարի մոտ
«Մեր վիշապն ուրիշ վիշապ է` ոչ բարի է, ոչ չար է, մեր վիշապը տարերք է։ Սա երկնքի ու երկրի միջև մի միջավայր է, որտեղ մարդիկ հազարավոր տարիների առաջ եկել են, մաքրվել են, սրբացվել են, հետո իջել են «կեղտոտ» քաղաքը»,– ասում է հնագետը։
Նրա խոսքով՝ հուշարձանի բացառիկությունը նախևառաջ բարձրությունն է՝ ծովի մակերևույթից մոտ 3000 մետրի վրա։ Ասում է՝ աշխարհում հազվագյուտ վայրեր կան,որ այս բարձրության վրա պատմական, մշակութային արժեքների նման առատություն ունեն՝ վիշապաքարեր, դամբարաններ, ժայռապատկերներ և այլն։
Հայտնաբերված կրոմլեխ
«Բացառիկ տարածք է, ես երկրորդ նման տարածք չգիտեմ։ Անդերում, Հիմալայներում առանձին հուշարձաններ կան, բայց դրանք հիմնականում միջնադարյան են, ոչ այսքան հին»,- նշում է մասնագետը։
Հայտնաբերված ժայռապատկերները
Վստահ է՝ հետագայում սա կարող է սրբավայր լինել ոչ միայն հայերի, այլև տարբեր ժողովուրդների համար՝ անկախ կրոնական պատկերացումներից ու հավատալիքներից, ինչպես, օրինակ, մարդիկ Հիմալայներ են գնում, այնպես էլ կարող են Տիրինկատար գալ։
Հայտնաբերված ժայռապատկերները

Ինչու՞ հենց Տիրինկատարն ընտրվեց

ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասում է՝ սկզբում քննարկումներ էին տարվում ժայռապատկերների վերաբերյալ։ Սակայն դրանց ուսումնասիրության վերաբերյալ դեռ որոշակի բացեր կան։ Բացի այդ ժայռապատկերներ տարբեր երկրներ արդեն ունեն նոմինացված, այսինքն` դրա բացառիկությունն ավելի դժվար է ապացուցել։
«Իսկ վիշապաքարերը Հայկական լեռնաշխարհին բնորոշ մշակութային երևույթ են, ամենամեծ կուտակումն էլ այստեղ է` Տիրինկատարում»,- ասում է Վանյանը։
Մասնագիտական քննարկումներից հետո առաջնահերթությունը հենց այս հուշարձանախմբին տրվեց։
1 / 6

Երազանքի քարը

2 / 6

Հնագետները վիշապաքարն են ուսումնասիրում

3 / 6

Տարածքից հայտնաբերված խեցեղեն

4 / 6

Պեղումներ

5 / 6

Պեղումներ

6 / 6

Տարածքի քարտեզը

Որպեսզի հուշարձանը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվի, ըստ ընթացակարգի՝ նախ պետք է ներառվի նախնական ցանկում։ Հիմա հայտի պատրաստման փուլն է, սա մոտ 1-2 տարվա գործընթաց է։ Վանյանի խոսքով՝ հայտը վերաբերելու է ոչ միայն 12 վիշապաքարերին, այլև բազմազան մշակութային ու պատմական լանդշաֆտին։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին դրամաշնորհ է տրվել, որի շրջանակներում 10 տարվա ուսումնասիրության արդյունքները կմշակվեն, կհամապատասխանեցվեն պահանջվող ձևաչափերին։ Զուգահեռ տարածքը նորահայտ հուշարձանի կարգավիճակ կստանա։

Ինչ կտա ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ներառումը

Հարություն Վանյանի կարծիքով՝ սա առաջին հերթին տալիս է մշակութային տեսանելիություն։ Հաճախ մարդիկ ճամփորդելիս նոր ուղղություններ փնտրելիս առաջին հերթին ստուգում են ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկը` պարզելու, թե որքանով է մշակութապես հարուստ երկիրը։ Սա նաև միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշի բարձրացում է նշանակում։
Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցած 3 հուշարձանախումբ ունի` Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը, Հաղպատի և Սանահինի վանքերը, Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները և Զվարթնոցի տաճարի հնավայրը։ Բոլորը գրանցվել են 1998-2000 թթ։ Դրանից հետո Հայաստանի կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։
1 / 3

Տիրինկատարի պեղումների վայրը վերևից

2 / 3

Տիրինկատարի պեղումների վայրը վերևից

3 / 3

Տիրինկատարի պեղումների վայրը վերևից

Այս պահին նախնական ցանկում գրանցված չորս հուշարձան կա` Երերույքի տաճարը, Դվինի հնավայրը, Նորավանքը և Ամաղուի ձորահովիտը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս գրանցումներն էլ 1995-ին են արվել։ Նորավանքը ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկ տեղափոխելու հայտը ժամանակին մերժվել է, բայց դա չի նշանակում, որ դրա հնարավորությունը չկա։ Վանյանը վստահ է՝ չորսն էլ պոտենցիալ ունեն հիմնական ցանկում ընդգրկվելու, ուղղակի երկար ու հետևողական աշխատանք է պետք։