Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Արմեն Աշոտյան
Պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով` միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։
«Բնականաբար, հիմա քննիչը պետք է ապահովի, որ Արմեն Աշոտյանը այդ ամեն ինչին ծանոթանա ՔԿՀ պայմաններում։ Ժամկետը շատ քիչ է, ֆիզիկապես անհնար, բայց քանի որ սահմանափակ է նաև միջնորդության քննության ժամկետը, նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի»,– ասաց նա։
Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։
«Մենք բացարկ ենք ներկայացրել դատավորին` հաշվի առնելով, որ նրա հայրն ու եղբայրը ժամանակին քաղաքական հալածանքների են ենթարկվել նախկին իշխանությունների կողմից Մարտի 1–ի գործի հետ կապված։ Իրեն ասացի, որ ինքն էլ հիմա կարող է քաղաքական հալածանքների ենթարկել իշխանության նախկին ներկայացուցչին։ Նա մերժեց` ասելով, որ Աշոտյանը այն ժամանակ ո՛չ քննիչ է եղել, ո՛չ դատախազ, ո՛չ դատավոր։ Փաստորեն հերքեց մինչ այդ տարածած պնդումը, թե իր հայրն ու եղբայրը եղել են քաղբանտարկյալ»,– ասաց նա։
Բացի այդ, նիստի սկսելուց առաջ պարզվել է, որ միջնորդությունը հասցեագրված չէ հակակոռուպցիոն դատարանին։ Փաստաբանը դատավորից պահանջել է միջնորդությունը վարույթ չընդունել, քանի որ այն իրեն հասցեագրված չէ։ Սակայն դատավորը պնդել է, որ դա ընդամենը վրիպակ է, և շարունակել է նիստը։
Աթանեսյանն այս հարցով պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի դատավորը պատասխանատվության ենթարկվի այն բանի համար, որ վարույթ է ընդունել մի միջնորդություն, որն իրեն հասցեագրված չի եղել։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: