ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ–ի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մեծարգո Նիկոլ Վովայի, Ձեզ հավանաբար հայտնի է, որ Երևանի առաջին ատյանի դատարանը հուլիսի 30-ին Արմեն Սմբատյանին կալանավորելու որոշում է ընդունել։ Երևանի դատական իշխանության այս քայլը չի կարող չառաջացնել լուրջ անհանգստություն, քանի որ միանգամայն ոչ իրավաչափ է»,– նշել է Շվիդկոյը։
Նա ընդգծել է, որ Արմեն Սմբատյանի հետ իրեն կապում են ընկերական և մասնագիտական բազմամյա հարաբերությունները, նրա հետ համագործակցել է մի շարք ոլորտներում աշխատելու ժամանակ, համատեղ զբաղվել են Հայաստանի և Ադրբեջանի մշակութային գործիչների, գիտական և ստեղծագործ մտավորականության միջև «կամուրջների կառուցման» գործով (2007, 2009թթ.- խմբ.)։
Ռուս արվեստագետը շեշտել է, որ Արմեն Սմբատյանը մեծ հայրենասեր է ու անվերապահորեն նվիրված է իր հայրենիքին։
«Անվիճելի է նրա մեծ ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում, երբ նա ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր։ Հասկանալի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Եվ հատկապես այդ պատճառով չեմ կասկածում, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր չպարզաբանված ասպեկտների վրա։ Արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Մինչ դատաքննության ավարտն Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից»,– գրել է Շվիդկոյը։
Նա ընդգծել է, որ գիտի` Հայաստանում գործադիր և դատական իշխանությունները տարանջատված են, բայց վստահ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նպաստել գործի օբյեկտիվ քննությանը բացառապես դատական կարգով։
Շվիդկոյը խնդրել է այս դիմումն ընդունել որպես Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Մի շարք մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ միջնորդագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։ ՀՀ դատախազությունը պատրաստվում է քննարկել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։