ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը արցախցի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան տեղափոխելու հարցում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման դեպքին։ Բաքոյանը հետաքրքրվել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացի մանրամասներով՝ այս հարցում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:
«Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են և կարևորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում»,-նշվում է հաղորդագրությունում:
Իր հերթին պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը և ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու և նրանց ու նրանց ընտանիքների միջև կապի պահպանման առնչությամբ:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին և մարդասիրական խնդիրներին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։