ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի տարածքում իրենց պարտականությունները կատարող ռազմական ոստիկանության և ավտոտեսչության ստորաբաժանման աշխատակիցները պլանային մարզման ընթացքում մի շարք վարժություններ են մշակել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողները կրակային վարժանքներ են կատարել «Մակարով» ատրճանակով և «Կալաշնիկով» ինքնաձիգով, մշակել են նռնակի նետումը ըստ հեռահարության և ճշգրտության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցների կիրառման նորմատիվներ են հանձնել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վարժանքի ընթացքում ռազմական ոստիկանները ցուցադրել են նաև իրավախախտ անձանց նորմատիվ իրավական ակտերի համաձայն ձերբակալելու հմտությունները, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու և պայմանական վիրավորին տարհանելու գործողություններ են կատարել:
Հաղորդվում է նաև, որ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի լեյտենանտների երիտասարդ կազմի օդաչուները «Էրեբունի» օդանավակայանում ուսումնամարզական թռիչքների ժամանակ նախնական թռիչքային պատրաստության մի շարք վարժանքներ են կատարել:
«Երիտասարդ օդաչուները թռիչքներ են իրականացրել՝ առանց բարձրլեռնային շրջան մտնելու։ Հրահանգիչների հիմնական ուշադրությունն ուղղվել է լեյտենանտների կողմից թռիչքի և վայրէջքի մշակմանը. տվյալ վարժությունն առավել կարևոր և բարդ է լեռնային տեղանքում օդակայանի տեղակայման առանձնահատկությունների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուսումնամարզական թռիչքների ավարտից հետո հրահանգիչներն ամփոփել են վարժությունների կատարման արդյունքները: