Առօրյա խնդիրներն անհաղթահարելի բնույթ են ստանում. Ստեփանակերտի քաղաքապետ

Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ դիզվառելիքի պակասը խնդիր է առաջացնում գրեթե բոլոր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը փորձում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայել և դրանք օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար:
«Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտների խնդիրները մեծ դժվարությամբ ենք կարողանում փոքրիշատե կարգավորել, այն էլ մասնակիորեն, որովհետև անգամ սովորական, առօրյա խնդիրները ներկա պայմաններում անհաղթահարելի բնույթ են ստանում»,– ասել է Դավիթ Սարգսյանը։
Անդրադառնալով ջրամատակարարման հետ կապված խնդիրներին` քաղաքապետը նշել է, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` գետերում ջրի գոլորշիացման մակարդակի աճը, էներգացանցի հովհարային անջատումներն ու վառելիքի պակասը, իսկ շատ դեպքերում` դրա բացակայությունը, լուրջ խնդիրներ են ստեղծում ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար:
«Հարկ է նշել, որ գետերում ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց աճել են կենարար հեղուկի սպառման ծավալները: Դրան նպաստել է նաև խմելու ջուրը տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման նպատակով օգտագործելը, ինչը ևս շրջափակումն է պարտադրում, քանի որ այլևս բանջարեղեն չի ներկրվում»,– ասել է նա:
Ստեփանակերտում շոգի պատճառով ջրի սակավություն է առաջացել քաղաքը սնուցող ջրառներում
Սարգսյանը հայտնել է, որ դիզվառելիքի պակասը լրջագույն դժվարություններ է ստեղծել նաև սանմաքրման պատշաճ կազմակերպման համար: Աղբատար մեքենաները Ստեփանակերտում գործարկում են հերթափոխով, բայց քաղաքում սանիտարական իրավիճակը նա դեռ կառավարելի է համարել:
Ստեփանակերտի քաղաքապետը հիշեցրել է, որ վառելիքի բացակայության պատճառով այլևս չի գործում քաղաքի հանրային տրանսպորտը: Բնակիչները ոտքով կիլոմետրեր են կտրում աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար: Առջևում նոր ուսումնական տարին է, և այս լրջագույն խնդրին ստիպված առնչվելու են նաև հազարավոր դպրոցականներ, ծնողներ ու ուսուցիչներ: