ԵՐԵՎԱՆ,10 օգոստոսի – Sputnik. Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Նշվում է, որ տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրությունում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: