ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ խոշոր՝ 0։3 հաշվով պարտություն կրեց նորվեգական «Բուդյո Գլիմտից»։
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ» հանդիպման մեկնարկը ինչ-որ տեղ սպասելի էր։ Դաշտի տերերը մեծ ուժերով առաջ շարժվեցին, ու կարողացան իրենց համար շատ լավ մեկնարկ ապահովել։ «Փյունիկի» պաշտպանությունը դիմացավ վեց րոպե, մինչև Ալբերտ Գրյոնբեկը մեր թիմի տուգանային հրապարակում, «Փյունիկի» երեք պաշտպանների հետ պայքարելով, գրավեց հայկական թիմի դարպասը։ Նորվեգական թիմի առավելությունը նկատելի էր։ «Փյունիկին» մնում էր ապավինել միայն հակագրոհներին։ Բայց խաղի 31-րդ րոպեին արագ հակագրոհ ստացվեց «Բուդյո Գլիմտի» մոտ, և Ֆարիս Մումբանյան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
Երկու գնդակի առավելությունը արդեն լուրջ առավելություն էր նորվեգական թիմի համար։ «Փյունիկը» մինչև ընդմիջում այդպես էլ իրական գոլային պահ ստեղծել չկարողացավ, իսկ «Բուդյո Գլիմտը» անընդհատ սպառնում էր։ Երկրորդ խաղակեսում մեծ հաշվով համարյա ոչինչ չփոխվեց։ Առավելությունը մրցակցի կողմն էր, և «Բուդյո Գլիմտը» զարգացրեց իր հաջողությունը։ Ամալ Պելեգրինոն երրորդ գնդակն ուղարկեց Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը։
Հանդիպման վերջնամասում «Փյունիկի» կազմում հաշիվը կրճատելու ռեալ հնարավորություն ունեցավ Արտակ Դաշյանը, Բռավոն, Յուսուֆ Օտուբանջոն, բայց խաղի հաշիվը այդպես էլ չփոխվեց, մերոնք պարտվեցին 0։3 հաշվով։
Իհարկե, Հովհաննես Հարությունյանի վնասվածքն ու Լուկա Յուրիչիչի բացակայությունը իրենց ազդեցությունը թողեցին «Փյունիկի» խաղի վրա։ Սակայն անկախ ամեն ինչից՝ «Բուդյո Գլիմտը» խաղի կազմակերպվածությամբ ու փորձով գերազանցում էր Հայաստանի փոխչեմպիոնին։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկին» ևս մեկ փորձությունն է սպասվում. «Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա օգոստոսի 17-ին։