Օսմանին ասել է, որ պատրաստ է օգտագործել ԵԱՀԿ գործիքները կայուն խաղաղության հասնելու համար

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակշռող լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Օսմանին գործընկերների հետ խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
«Ես ընդգծել եմ, որ մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները պետք է գերակշռեն»,– գրել է նա։
Նա պատրաստակամություն է հայտնել օգտագործել ԵԱՀԿ մեխանիզմները կայուն խաղաղության հասնելու ցանկացած ջանքի աջակցելու համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։