ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։
«Պատճառնանվտանգության սպառնալիքներն են։ Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը տեղի կունենա առանց միջադեպերի»,– գրված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 1257 քաղաքացիներ միացել էին ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջվում էր Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել և չեղարկել օգոստոսի 12–ին Երևանում կայանալիք նրա համերգը։
«Մենք շատ ենք ցավում ստեղծված իրավիճակի համար և ներողություն ենք խնդրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել մեր համերգին»,–ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ տոմսի գումարը կվերադարձվի քարտի հաշվին 14 օրվա ընթացքում:
Հիշեցնենք` Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել էր քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Այս տարվա հունվարին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Պրուսիկինին գրանցել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում:
Գերատեսչության կայքում նշվում է, որ նա աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգային գործունեություն է ծավալել ոչ բարեկամ երկրներում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։