ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 10:50-ի սահմաններում, նշվել է, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, որպեսզի վերամբարձ կռունկի վրայից իջեցնեն կռունկավարին։ Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ։
«Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով իջեցրել են տղամարդուն, բժիշկները տեղափոխել են նրան «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է»,– նշված է կայքում։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Մարտին Կ.-ն է: