Երևանի քաղաքապետարանը 4 նոր աղբատար մեքենա է ձեռք բերել

Աղբատար մեքենաներն առաջիկայում ամբողջությամբ կհանձնվեն շահագործման։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը խոսել է կառույցի կատարած աշխատանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերել 4 հատ նոր աղբատար մեքենա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ մայրաքաղաքի բնակիչները վերջին շրջանում սկսել են հաճախ բողոքել կուտակված աղբից։ Երևանի որոշ հատվածներում նույնիսկ աղբամանների շուրջն է լցված աղբով։
«4 MAN մակնիշի աղբատար մեքենաները գտնվում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Այս պահին դրանք շահագործման փուլում չեն, որովհետև թղթաբանության հետ կապված որոշակի հարցեր կան կարգավորելու»,– ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով` առաջիկայում դրանք ամբողջությամբ կհանձնվեն շահագործման։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում այս պահին 53 աղբատար մեքենա կա։ Այսպիսով մեքենաների ընդհանուր թիվը դարձավ 57։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին` Կոստանյանը հայտնեց նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարանների համար գերհզոր օդափոխության համակարգեր են ձեռք բերվել, որոնց մի մասն արդեն իսկ փոխարինում է խորհրդային ժամանակների խափանված օդափոխության համակարգերը։
Երևանի քաղաքապետի համար պայքարը հետաքրքիր է դառնում. «նոր նախկինը»՝ նախկին համախոհների դեմ
«Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է տեղադրել 28 օդափոխության համակարգ, որից 14–ն արդեն իսկ տեղադրվել է մետրոպոլիտենի կայարաններում։ 14 հատ համակարգերի տեղադրումն էլ ընթացքի մեջ է։ Կարծում եմ` մինչև տարեվերջ այդ հարցը ևս լուծված կլինի»,–ասաց նա։
Կոստանյանը տեղեկացրեց նաև, թե այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը ինչ գույք է ձեռք բերել նախադպրոցական հաստատությունների համար։
«Շուրջ 200 միլիոն դրամի նոր գույք է ձեռք բերվել, հիմնականում` սեղաններ, աթոռներ և այնպիսի պարագաներ, որոնք կբարելավեն մանկապարտեզների սպասարկման որակը»,–ասաց նա։
Քաղաքապետի խոսնակը հավելեց, որ գույքը բաշխվել է մանկապարտեզների միջև, ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։