Արցախում շարունակում է ավելանալ ուշագնացությունների թիվը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր»,– գրել է Ստեփանյանը:
Նա շեշտել է, որ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները:
Իր գրառմանը կից Ստեփանյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում ուշագնաց եղած կնոջն առաջին բուժօգնություն են ցուցաբերում շտապօգնության աշխատակիցները և հավաքված քաղաքացիները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։