Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում ամերիկահայերն անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում` ի աջակցություն Արցախի: Նրանք փողոց են փակել և արդեն ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարանի մոտ են:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները, մինչ այս, 3 օր նստացույց էին անում Շիֆի գրասենյակի առաջ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում պահանջել բացել Արցախի կյանքի ճանապարհը` Լաչինի միջանցքը, կանգնեցնել ցեղասպանությունը: Ակտիվիստներն իրենց ձեռքերում պահում են Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև «Արցախում հումանիտար ճգնաժամ է», «Դադարեցրեք ցեղասպանությունը» և այլ գրառումներով պաստառներ։ Նրանք նաև վանկարկում են` «փրկե՛ք երեխաներին», «դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախը Հայաստան է»։
Արդեն բնակարանի մոտ քաղաքացիները Ադամ Շիֆից պահանջում էին դուրս գալ և խոսել իրենց հետ ու վանկարկում էին, որ ինքը կարող է կանխել նոր ցեղասպանությունը, հայերն իր կարիքն ունեն։
Ամերիկահայերը նաև կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։