Միրզոյանը Բուլղարիայի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը

Արարատ Միրզոյան
Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարար Մարիա Գաբրիելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին Միրզոյանը հայտնել է իր թվիթերյան էջում։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը»,–գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նա նշել է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև աճող գործընկերությունը և երկկողմ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։