Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի Սովետսկի շրջանի բազմաբնակարանային տներից մեկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով քաղաքապետարանի վարչակազմին։
«Այվազովսկի փողոցում (բնակելի տանը) գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա», – ասել է գործակալության զրուցակիցը։
Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին` շուրջ 150 մարդ, որոնցից ավելի քան 30-ը երեխաներ են։
Միևնույն ժամանակ, ԱԻՆ տվյալներով, ոչ ոք չի տուժել։
Shot տելեգրամյան ալիքն իր հերթին կադրեր է հրապարակել, որոնցում երևում են պայթյունի հետևանքները։
Ալիքի տվյալներով` վնասվել է 20 բնակարան։ Ավերակների տակ կարող են երեխաներ լինել, դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։
Ինչպես հայտնում է հանրապետության դատախազությունը, դեպքի վերաբերյալ ստուգում է իրականացվում։ Վերահսկողական միջացառումների ընթացքում գնահատական կտրվի գազով աշխատող սարքի շահագործման պահանջների պահպանման վերաբերյալ։