ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. 97 տարեկանում մահացել է Երգիծանքի թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վերա Վասիլևան։ Տեղեկությունը հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
«Ցավակցում ենք նրա մտերիմներին, ընկերներին և երկրպագուներին։ Հրաժեշտի օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի», – ասված է հաղորդագրությունում։
Վերջին հարցազրույցներից մեկում Վասիլևան խոսել էր իր հիմնական առավելության մասին` երբեք չհրաժարվել աշխատանքից և միշտ լավ տրամադրություն ունենալ. «Երբ կինը չի բարկանում, չի բամբասում և հաճույք է ստանում նույնիսկ մանրուքներից, ավելի երկար է երիտասարդ և գրավիչ մնում»։
1948 թվականին Վերա Վասիլևան ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը (այժմ` Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ), նույն տարվանից խաղում է Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնում։
Թատրոնի հանդեպ սերը վաղ տարիքում է արթնացել, երբ Մեծ թատրոնում դիտել է «Արքայական հարսնացուն» օպերան։ Այդ ժամանակից ի վեր Վասիլևան սկսել է երազել բեմում հայտնվելու մասին։
Նա խաղացել է ավելի քան տասնյակ ներկայացումներում, աշխատել է ռեժիսորներ Վալենտին Պլուչեկի, Մարկ Զախարովի, Ալեքսանդր Շիրվինդտի հետ։ Վասիլևան ապագա ամուսնուն` Վլադիմիր Ուշակովին էլ է թատրոնում հանդիպել։ Ուշակովը մահացել է 2011 թվականին։ Նրանք ավելի քան 50 տարի ապրել են միասին, բայց երեխաներ չեն ունեցել։