«Խաչակիրները» Կոռնիձորում են. ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել

Ջոկատի անդամները նպատակ ունեն հումանիտար օգնությունը Կոռնիձորից հասցնել Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Խաչակիրներ» ջոկատի անդամներն արդեն Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ են, որտեղ հուլիսի 26-ից կանգնած են Արցախի համար հումանիտար օգնությունով լի բեռնատարները։
Ջոկատի տղաներից մեկն ուղիղ եթերով հայտնում է, որ ոստիկանները փակել են իրենց ճանապարհն ու չեն թողնում առաջանալ դեպի Լաչինի միջանցք։
«Ժողովուրդ ջան ոստիկանները փոխանակ մեզ միանան, չեն թողնում առաջ գնանք։ Մենք մեծ քանակությամբ արդեն ստեղ ենք, մի բանի համար ենք այստեղ` սնունդը պետք է հասցնենք Արցախի երեխաներին։ Մեզ ավելի շատ մարդ է պետք, միացեք ժողովուրդ ջան»,– ասաց ջոկատի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8–ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Արցախյան առաջին պատերազմների մի շարք մասնակիցներ։ Նրանք պահանջում էին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց, որ միասին շարժվեն դեպի Կոռնիձոր` տեղում փորձելով լուծել խնդիրները։ Ուշ երեկոյան ակցիայի մասնակիցների մի մասը մեկնեց Կոռնիձոր։