ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ 1257 քաղաքացիներ միացել են ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջում են Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել և չեղարկել օգոստոսի 12–ին Երևանում կայանալիք նրա համերգը։ Տեղեկությունը «ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները: Սրբապղծին կանխելու նպատակով մեկ օրում 1257 հայրենակից է միացել ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը: Քիչ առաջ հաղորդումը պաշտոնապես հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը»,–գրել է նա:
Հաղորդման համաձայն` Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում:
Իլյա Պրուսիկին
© Photo
Զոհրաբյանը հույս ունի, որ կազմակերպիչները կչեղարկեն երևանյան համերգը։
Այս տարվա հունվարին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Պրուսիկինին գրանցել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում:
Գերատեսչության կայքում նշվում է, որ նա աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգային գործունեություն է ծավալել ոչ բարեկամ երկրներում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։