ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը գործելու է օգոստոսի 23-ից՝ քարոզարշավի մեկնարկին զուգահեռ: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ինչպես հայտնի է, ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվում. գրասենյակը դեռ պատրաստ չէ, այս պահին այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչով պայմանավորված՝ կուսակցությունում խառն են: Մեր տեղեկություններով՝ գրասենյակի նորոգման աշխատանքները ևս Արմեն Փամբուխչյանն է (ՀՀարտակարգ իրավիճակների նախկին նախարար. խմբ) անձամբ համակարգում»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի`շտաբի բացվելուց հետո արդեն պարբերաբար այնտեղ հավաքներ, քննարկումներ կլինեն՝ ավագանու ընտրությունների հետ կապված:
Գլխավոր շտաբը բացելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, որոնք կկորդինացվեն Արմեն Փամբուխչյանի կողմից:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։