Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել 36 քաղաքացուց

Կաշառք
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` դատախազը կաշառք տված անձանց նկատմամբ կայացրել է հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը պաշտոնավարման տարիներին 36 բնակիչներից ստացել է տարբեր չափի կաշառք, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց:
2023 թվականի օգոստոսի 2-ին հսկող դատախազը Վ.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ մասերով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Քանի որ կաշառք տված անձանցից 3 մահացել են, իսկ 22-ը խոստովանել են կաշառք տալու հանգամանքը և նախկինում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չեն ազատվել, այլ հանցավոր արարքներ չեն կատարել, համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ, դատախազը կայացրել է նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ:
Երևանի նախկին փոխքաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել