ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կալանավորումներ են սպասվում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարբերականի տեղեկություններով` նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելուց հետո համակարգում փոփոխություններն ու գործընթացները չեն ավարտվել։
«Ատոմյանի ենթակայության տակ աշխատած համակարգում աշխատակիցները գործարքների մեջ են եղել կալանավորների հետ, Ատոմյանը կա՛մ չի տիրապետել իրավիճակին, կա՛մ էլ մասնակից է եղել գործարքներին»,– գրում է թերթը:
Իրավապահներն այս առնչությամբ բացահայտումներ են արել, ուստի առաջիկայում կալանավորումներ կլինեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15–ից։