AstraZeneca-ն պատվաստանյութերի մշակման մասին համաձայնագիր է կնքել չինական ընկերության հետ

AstraZeneka–ի արտադրած պատվաստանյութերը. արխիվային լուսանկար
Հայտարարությունից հետո երկու ընկերությունների բաժնետոմսերի գները զգալի աճել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բրիտանա-շվեդական դեղագործական հսկա AstraZeneca ընկերությունը չինական CanSino Biologics դեղագործական ընկերության հետ համաձայնագիր է կնքել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար մՌՆԹ պատվաստանյութեր մշակելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CanSino-ի հայտարարությանը։
Ավելի վաղ` հունիսին, Financial Times պարբերականը հայտնել էր, որ «AstraZeneca»-ն մտադիր է առանձնացնել իր բիզնեսը Չինաստանում և վերագրանցել Հոնկոնգում, որպեսզի պաշտպանված լինի աշխարհի քաղաքական-տնտեսական բախումներից:
«CanSino Biologics-ը և AstraZeneca AB-ն օգոստոսի 7-ին ստորագրել են «Արտադրանքի մատակարարման շուրջ համագործակցության շրջանակային համաձայնագիր», ընկերությունը AstraZeneca-ին կտրամադրի պայմանագրային մշակման և արտադրության ծառայություններ` մՌՆԹ պատվաստանյութի ստեղծման նրա նախագծին աջակցելու, որոշակի արտադրանքի արտադրության և մատակարարման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Գործարքի արժեքը չի բացահայտվում:
Հայտարարությունից հետո Cansino-ի բաժնետոմսերի գներն աճել են ավելի քան 25%-ով, իսկ AstraZeneca-ինը` 0,65%-ով։ Ըստ Financial Times–ի` դեղագործական արդյունաբերությունը ձգտում է ընդլայնվել Չինաստանում, քանի որ Պեկինը նորարարական դեղամիջոցների թույլտվությունների արագացված տրամադրման միջոցով հեշտացնում է ընկերությունների մուտքը շուկա:
Ամերիկյան Moderna-ն կենսատեխնոլոգիական ընկերություն է գրանցել Չինաստանում