ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները Ռաճա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել: Բնական աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 19-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին, նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Հաստատում եմ, որ գետում կնոջ մարմին է հայտնաբերվել, հայտնաբերվել են նաև մարդու մարմնի առանձին հատվածներ», - ասել է Մղեբրիշվիլին:
Շովիում մասշտաբային սողանք է տեղի ունեցել օգոստոսի 3-ին։ Զոհվածների թվում մեկ ՌԴ քաղաքացի կա։ 15 մարդ համարվում է անհետ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից ներքև է հոսել ավելի քան 5 մլն խմ հող։
Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմում է 26 հա։