ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը քաղաքացիներին հորդորում է օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ավելի զգոն լինել, քանի որ +40–ից +42 աստիճան է սպասվում։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։
Բակունցը կոչ է անում շատ ջուր խմել` օրական 2.5-3 լ, չխախտել դեղորայքի ընդունման ժամանակացույցը, կրճատել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը և բացառել շաքար պարունակող ըմպելիքները, դրանք փոխարինել թանով։ Բժիշկը նաև հորդորում է ժամը 12։00-19։00–ն դուրս չգալ փողոց։
«Հատկապես այս օրերին պետք է բաց գույնի հագուստ կրել, դնել գլխարկներ, ակնոցներ և օգտագործել պաշտպանիչ քսուքներ»,– ընդգծեց նա:
Մասնագետը շեշտեց, որ պետք է զերծ մնալ ճարպոտ սնունդ և կրեմով քաղցրավենիք օգտագործելուց, ինչպես նաև միս, ձուկ և կաթնամթերք օգտագործելիս պահպանել ջերմաստիճանային ռեժիմը, որպեսզի դրանք չփչանան: Շոգ ժամերին նա խորհուրդ է տալիս ուտել միրգ և բանջարեղեն, թեթև սնունդ ու փոքր չափաբաժիններով։
«Օրվա շոգ ժամերին չպետք է մնալ կայանված մեքենաներում, հատկապես երեխաներին ու կենդանիներին չթողնել դրանց մեջ, քանի որ դա կարող է մահացու ելք ունենալ»,– ասաց բժիշկը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանն էլ նշեց, որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Չնայած եղանակային պայմաններին` հրդեհների հիմնական պատճառը մնում է մարդկային գործոնը։ Հաշվի առնելով նման բարձր ջերմաստիճանը` մարդաշատ և անտառածածկ իրականացվելու է ուժեղացված հերթապահություն»,– ասաց Մկրտչյանը։
Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է բուսածածկ և անտառածածկ տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս չնախատեսված վայրերում չվառել խարույկներ կամ այդ ամենը կազմակերպել միայն բաց տարածքներում, հետո էլ կրակը հանգցնել հողով կամ ջրով։ Արգելվում է նետել չմարված լուցկիներ կամ ծխախոտի մնացորդներ, ապակու կտորներ և այլն։