ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն այս շաբաթ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք Ուկրաինային հրետանի, սպառազինություն մատակարարել։ Այս շաբաթ՝ ավելի ուշ, նոր հայտարարություններ կունենանք լրացուցիչ օգնության մասին, որը նախատեսում ենք մատակարարել Ուկրաինային», - հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Միլլերը հրաժարվել է մանրամասներ հայտնել օգնության նոր փաթեթի բովանդակության, ինչպես նաև հնարավոր նոր հրթիռային համակարգերի մասին, որոնք քննարկվում են Վաշինգտոնի և Կիևի կողմից:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենք փոխանցելով, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրեր պատրաստելով։