Երևան–Բաքու համաձայնագիրն իրագործելի է՝ չնայած 3–րդ երկրների մեկնաբանություններին. Պետդեպ

Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայնագրի կնքման ուղղությամբ կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրն իրագործելի է համարում՝ չնայած երրորդ երկրների մեկնաբանություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ-ի հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի միջնորդության մասին։
Ի՞նչ դիրքորոշում ունի ՌԴ–ն

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում ԱՄՆ-ն ու Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ: Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներգրավումը Հարավային Կովկասի գործերին` ապակայունացնում է տարածաշրջանը և երկար ժամանակով հետ է մղում լիարժեք, ամբողջական խաղաղ կարգավորումը:

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապված են, և որոնք այդ վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղղակիորեն փոխգործակցել ենք այդ երկրների հետ։ Հատուկ դեսպան Բոնոն (Լուիս Բոնո,–խմբ.) անցյալ շաբաթ այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել նրանց հետ: Եվ մենք կարծում ենք, որ չնայած այլ երկրների մեկնաբանություններին, որոնք այս հարցում կողմ չեն հանդիսանում, համաձայնագիրը շարունակում է հասանելիության սահմաններում մնալ»,-ասել է Միլլերը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Բրյուսելում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։