ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ շրջափակված Արցախում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված, նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մասնավորապես, հունվար-հուլիս ամիսների ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան 2 անգամ, ներառյալ՝ սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի աճ՝ 66%-ով, սրտամկանի սուր կաթվածից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։
Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9%-ով։ Մահացության դեպքերի ավելացման պատճառներից են անհրաժեշտ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը, կյանքի որակի փոփոխությունը, պատշաճ բուժօգնության հնարավորությունների խիստ սահմանափակությունը, որոնք կրճատում են ապրելիության աստիճանը։
Նույն ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ( ուղեղի կաթված) և սրտամկանի սուր կաթվածի նոր դեպքերի աճ՝ համապատասխանաբար 26%-ով և 9,7%-ով։
Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ՝ 24,3%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի։ Դա պայմանավորված է ոչ լիարժեք սննդով և համապատասխան դեղամիջոցների սղությամբ կամ բացակայությամբ։
Չնայած առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր վիժումների քանակի աճ չի արձանագրվել, սակայն հուլիս ամսում արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ։ Շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության(կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:
Հուլիս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է նաև զարկերակային գերճնշման դեպքերի պատճառով շտապ օգնության կանչերի կտրուկ՝ 5.6 անգամ աճ։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։