Արամ Ա-ն Վատիկանի եպիսկոպոսի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Վեհափառ հայրապետն ակնկալում է, որ Վատիկանը տարբեր ձևերով կշարունակի իր համերաշխությունը հայտնել Արցախին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Աստվածածին վանքում ընդունել է պապական եպիսկոպոս Պաոլո Բորջիային ու քննարկել Արցախում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։
Վեհափառ հարապետը եպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել ավելի քան 8 ամիս Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակի վրա:
Արամ Ա-ն ու Վատիկանի եպիսկոպոս Պաոլո Բորջիան
Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ հայ եկեղեցին և հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ են նորին սրբություն Ֆրանցիսկոս Պապին` Հայաստանի և Արցախի հարցում և ընդհանրապես Վատիկանի դիրքորոշմանն ու հայտարարություններին:
«Մենք գիտենք, որ Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Արցախի շրջափակման կապակցությամբ և խստորեն ընդգծել այն վճռականորեն դադարեցնելու անհրաժեշտությունը», - ասել է վեհափառը։
Նա հույս է հայտնել, որ Վատիկանը տարբեր ձևերով կշարունակի իր համերաշխությունը հայտնել Արցախին, հատկապես միջազգային շրջանակներում:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լիբանանի նախագահական ընտրությունները, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության հարաբերությունները Վատիկանի հետ և միջեկեղեցական այլ հարցեր:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։