ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած երեք անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 5-ին ավազակային հարձակումը կատարել են 29-ամյա, 39-ամյա և 43-ամյա երեք տղամարդիկ, որոնցից մեկը Գյումրի քաղաքի բնակիչ է, մեկը՝ Սևան քաղաքի, իսկ երրորդը ՌԴ քաղաքացի է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տղամարդիկ նույն օրը Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «Աուդի» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և հայտնել ավազակային հարձակման մասին։
Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք: