Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը. լուսանկարներ

Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ փոքրիկի անունը Սամվել է, նա իրեն լավ է զգում և արդեն տանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Նարեկ և Սամվել Ղազարյանների նորածին եղբայրը
Նշվում է, որ փոքրիկը ծնվել է օգոստոսի 4-ին Էջմիածնի բժշկական կենտրոնում։ Ծնողները` Նուշիկ և Գեղամ Նազարյանները, իրենց նորածին երեխային Սամվել են անվանակոչել։
Նարեկ և Սամվել Ղազարյանների մայրը բուժաշխատողի և նորածին որդու հետ
«Փոքրիկը ծնվել է 3.350 կգ քաշով և 52 սմ հասակով։ Նա արդեն տանն է, իրեն հրաշալի է զգում»,– ասված է հաղորդագրությունում։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետի աշխատակազմը փոքրիկ Սամվելի ընտանիքին ցանկացել են ուժ, առողջություն, անսահման ժպիտ, և որպեսզի նա ապրի խաղաղ ու անամպ երկնքի տակ:
Նշենք, որ Սամվելը 1 տարի 3 ամսվա, իսկ Նարեկն ընդամենը 10 օրվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Նրանք զոհվել են նույն օրը։ Ծնողները Սամվելի հետ վերջին անգամ խոսել են 2020–ի հոկտեմբերի 12-ին, իսկ Նարեկի հետ` հոկտեմբերի 8-ին։
Նարեկը մահացու վիրավորում է ստացել հետախուզական գործողությունների ժամանակ (այժմ դատաքննություն է ընթանում Նարեկի զորամասի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով։ Նա մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ)։
Սամվելն էլ զոհվել է մարտական խնդիրն իրականացնելու ժամանակ Ջրականում` արկի պայթյունից։
Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:
Տանը նորից կլսվի այդ անունը. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը