Զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց, զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը` անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում նոր օրենսդրական փոփոխություններին։
Նշենք, որ նախագիծն օրերս հավանության է արժանացել կառավարության նիստում։
«Գործող օրենսդրությամբ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործունեության սուբյեկտի իրավունքները, պարտականությունները հստակեցված չեն, ոլորտի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների հարցը չլուծված է։ Մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է հստակ լուծում գտնեն, դրա համար մշակվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը»,–պարզաբանեց Մկրտչյանը։
Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նոր փոփոխություններով զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է ծանուցվեն էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտե և ներկայացնեն ծանուցման` օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը։ Սահմանվելու են հստակ չափանիշներով պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար։
«Նախատեսում ենք հստակեցնել սպառողի հետ կնքվող պայմանագրի դրույթները, այսինքն` նվազագույն դրույթներ կան, որոնք պետք է ներառվեն սպառողի հետ կնքվող պայմանագրերում»,–ասաց Մկրտչյանը։
Նոր փոփոխություններով կներդրվի նաև զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան, որի միջոցով զբոսաշրջիկները, սպառողները կարող են ստուգել` արդյոք տուրիստական զբոսաշրջային օպերատորը ծանուցված է, թե ոչ, օրինական գործունեություն է ծավալում, թե ոչ։ Այն բոլորի համար բաց է լինելու։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փոփոխությունները համարում է տեղին և նույնիսկ ուշացած։ Նրա խոսքով` զբոսաշրջային ոլորտի գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելով` նպաստելու են երկրում զբոսաշրջության ոլորտում գործարար, ներդրումային միջավայրի բարելավմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, որը վտանգված է։
«Սահմանելով այս գործունեության տեսակները` զբոսավարի, ուղեկցորդի, զբոսաշրջային գործակալի և նաև հյուրանոցային ծառայությունը և զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունը ծանուցման ենթակա, ըստ էության` դա պարտադիր որակավորման ենթակա դարձնել է, որը կարգավորելու է դաշտը։ Այսինքն` եթե կազմակերպությունը ծանուցում է նախարարությանը, որ այսպիսի գործունեություն է ծավալում, դա ենթադրում է, որ իր առաջ դրվելու են կոնկրետ պահանջներ, որպեսզի աշխատանքի որակը համապատասխանի պահանջին»,–ասաց Ապրեսյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կարծիքով` այս փոփոխությունը բերելու է նրան, որ տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնողները հրավիրվելու են բաց դաշտ` թափանցիկ աշխատելու, այդ թվում` լինելու թափանցիկ նաև հարկային դաշտում։
Հակառակ պարագայում այսօր բարեխիղճ աշխատող տուրիստական գործունեություն իրականացնողների կողքին գործում են սուբյեկտներ, որոնք գրանցված չեն, աշխատում են տնից, խուսափում են հարկերից և խիստ ցածրորակ ծառայություներ են մատուցում տուրիստներին` ազդելով նաև երկրի իմիջի վրա։
«Այս գործընթացը ոչ թե որոշ անբարեխիղճ աշխատողների դաշտից դուրս մղելուն է ուղղված, այլ ընդհակառակը` բոլորին հրավիրում է հավասար պայմաններով բարեխիղճ աշխատանքի` ի պատիվ իրենց և երկրի աշխատելու։ Ով պատահի, ինչպես պատահի չպետք ներկայացնի մեր երկիրը, այլ պետք է երկիրը ներկայացնեն այնպիսի զբոսավարներ և զբոսաշրջային օպերատորներ, որոնք հայրենասեր գիտակներ են, որպեսզի չառաջանա մշակութային և տեղեկատվական անվտանգության խնդիր»,– խոսքն ամփոփեց Ապրեսյանը։
Ի դեպ, զբոսաշրջային անձանց նկատմամբ վերահսկողական գործառույթներն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Խախտումների հայտնաբերման դեպքում կսահմանվի համապատասխան տուգանք, կասեցում կամ գործունեության դադարեցում։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 30-ից։