ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց «Ֆրանսիական կապավորը» և «Սատանային վտարողը» ֆիլմերի շնորհիվ: Տեղեկությունը հայտնում է «Variety»–ն։
Ռեժիսորը մահացել է Լոս Անջելեսում։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 88 տարեկան։
Լրատվամիջոցը նշում է` Ֆրիդկինը 1970-ականներին դարձավ նոր սերնդի առաջատար ռեժիսորներից մեկը, որը չէր վախենում ռիսկի դիմելուց։ Հեռուստատեսությունում աշխատելու փորձը համատեղելով մոնտաժի առաջադեմ ոճի հետ՝ նա մեծ թափ հաղորդեց «սարսափ» և «ոստիկանական թրիլլեր» ժանրերին։
1971 թվականին նկարահանված «Ֆրանսիական կապավորը» ֆիլմի համար Ֆրիդկինն արժանացավ «Օսկար» մրցանակի (լավագույն ռեժիսուրա)։ Նրա «Սատանային վտարողը» ֆիլմը, որը 12 միլիոն դոլար բյուջեով էկրան բարձրացավ 1973 թվականին, 428 միլիոն դոլար եկամուտ բերեց և «Օսկարի» ներկայացվեց 10 անվանակարգում՝ արժանանալով երկու արձանիկի։ Նա նաև «Ապրել և մեռնել Լոս Անջելեսում», «Մարդասպան Ջոն», «Կախարդը» ֆիլմերի ռեժիսորն է։