ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսը եղել է այն եզակի ստորաբաժանումներից մեկը, որի պաշտպանության հատվածում 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել և չի գրավել որևէ մարտական դիրք: ԱԱԾ մեկուսարանից նման հայտարարություն է արել ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանը, գրում է ArmLur.am-ը։
«Հիմա, որքան էլ զավեշտալի է հնչում, ինձ մեղադրում են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ նախաքննության մարմնի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի որոշ հատվածներով անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս»,-նշել է նա:
Հարությունյանի խոսքով՝ ներկայացված մեղադրանքն ի սկզբանե եղել է իրավաբանորեն անհիմն և մերկապարանոց, բայց ինքը լիահույս է եղել, որ վարույթ իրականացնող մարմինն էլ կգիտակցի, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է և չի դիմանում ողջամիտ քննադատության։
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի գործով նախաքննությունն ու գործն ուղարկվել դատարան։ Նշենք, որ գեներալ-մայորն ավելի քան 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։
2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։
Դրանից հետո Հարությունյանը նշանակվել էր հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատել էին այդ պաշտոնից։