«Հնարավորությունների երկիր». հնդիկ մագիստրոսները խորհուրդ են տալիս Հայաստան գալ

Մագիստրոսական ծրագրի ուսանողներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողություն
Հայաստանն օտարերկրյա ներդրումներ է ներգրավում գիտության և կրթության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանըհրաշալի բնությամբ, տպավորիչ լեռներով ու մեծ հնարավորություններով երկիր է։ Հնդկաստանի շուրջ 118 քաղաքացիներ` «Մխիթար Գոշ» հայ–ռուսական միջազգային համալսարանի մագիստրոսներն այսպես են բնութագրում Հայաստանը։ Նրանք իրենց տպավորությունների մասին խոսեցին մագիստրոսական ծրագրի ուսանողներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ, որն այսօր կայացավ Երևանում։
Հայ–ռուսական միջազգային համալսարանի շրջանավարտները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեցին, որ հայկական բուհերը գիտակցաբար են ընտրել հետագա ուսուցման համար ։
«Մխիթար Գոշ» հայ–ռուսական միջազգային համալսարանի մագիստրոս Շրիփրիյա Գուպթան (Shripriya Gupta) նշեց, որ բուհն ընտել է ընկերների խորհրդով։
Շրիփրիյա Գուպթա
«Հայաստանը հրաշալի երկիր է, լեռնային, ինչն ինձ համար շատ կարևոր է` հաշվի առնելով լեռների հանդեպ իմ սերը։ Իսկ ամենակարևորը` մարդիկ սիրալիր են, բարյացակամ», – ասաց Գուպթան։
Նա համոզված է, որ Հայաստանում ստացած դիպլոմն իր համար նոր հնարավորություններ կբացի։ Գուփթան պատրաստվում է Հնդկաստան վերադառնալ, ստանալ սրտաբանի որակավորում և իր հայրենիքում բուժել մարդկանց։
Երկու տարում նա բազմաթիվ տեսարժան վայրեր է այցելել, սակայն աղջկան ամենից շատ տպավորել է Սևանա լիճը։
«Մխիթար Գոշ» համալսարանի մյուս մագիստրոսը` Ռոշան Կարումաթը (Roshan Karumath), նույնպես պատրաստվում է սրտաբան դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ նախատեսում է ուսումը շարունակել Իռլանդիայի առաջատար բուհերից մեկում, և այդ հարցում նրան շատ կօգնեն Հայաստանում ստացած գիտելիքներն ու դիպլոմը։
Ռոշան Կարումաթ
«Ինձ ավելի շատ հետաքրքրում է կարդիովասկուլյար թերապիայի ուղղությունը։ Ես էլ եմ ընկերներիցս իմացել այս բուհի և Հայաստանի մասին», – նշեց Կարումաթը։
Նա սկզբում որոշել է Ուկրաինա մեկնել, բայց հետո մտափոխվել է, քանի որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ավելի հոգեհարազատ են թվացել։ Բացի այդ, բուհը նոր լեզուներ ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում և հեռանկարներ է բացում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում կրթություն ստանալու և աշխատելու համար։
«Մխիթար Գոշ» կրթահամալիրի մագիստրոս Սունիդհին ուսումը կշարունակի Ավստրալիայում։ Նա պատրաստվում է անեսթեզիոլոգ դառնալ և վստահեցնում է, որ պահպանելու է Հայաստանի հետ կապը։
«Ես անպայման կվերադառնամ, որ կրկին վայելեմ այս երկրի գեղեցկությունը», – ասաց Սունիդհին։
Սունիդհի
Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ֆայզան Բալավալան նշեց, որ այսօր 118 ուսանող ստացան թերապևտի դիպլոմներ, որոնք ճանաչվում են ամբողջ աշխարհում։
«Շատերը Հնդկաստան են վերադառնում, մյուսները` Ավստրալիա, ԱՄՆ, Իռլանդիա։ Բացի այդ, մենք ռուսական բուհերի հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում», – ասաց նա։
Ֆայզան Բալավալա
Հիշեցնենք` հունիսին համաձայնագիր է ստորագրվել Հայ–ռուսական միջազգային համալսարանի և Մարիի պետական ​​համալսարանի (Յոշկար Օլա) միջև, նմանատիպ պայմանագրեր են կնքվել Պերմի և Օրենբուրգի պետական համալսարանների հետ։
Բացի այդ, բուհը փոխգործակցություն է հաստատել Հնդկաստանի 30 բուժկենտրոնների և հայաստանյան 15 հիվանդանոցների հետ։ Դա ուսանողներին ամառային արձակուրդների ընթացքում պրակտիկա անցնելու իրավունք է տալիս։
Բալավալան նշեց նաև, որ վերջերս իրենց մոտ պրակտիկայի են եկել Պերմի ուսանողները, ապագայում նախատեսվում է ուսանողների խումբ ուղարկել Հայաստանից։
Բուհն այս պահին ավելի քան 1.2 հազար ուսանող ունի, 50%–ն արտասահմանցիներ են, 50%–ը` տեղացիներ։
Ինչպես է անցել քննաշրջանը շրջափակված Արցախում. ներկայացնում է ԿԳՄՍ նախարարը