21–ամյա հրուշակագործ Տիգրան Միքայելյանը պատվիրատուների պակաս չունի. անհատական պատվերներից բացի, Գյումրիում հայտնի շատ սրճարանների և ռեստորանների համար էլ է պատրաստում։ Պատվերներ է ունենում նաև Երևանից, սակայն դեռ Գյումրիից դուրս պատվերներ չի ընդունում՝ առաքումը դժվար է կազմակերպել։
Միքայելյանը աղանդերի պատրաստման ողջ ընթացքը մենակ է անում՝ բաղադրատոմսի մշակումից մինչև զարդարանք ու փաթեթավորում։ Չի դժգոհում՝ ասում է իր հաջողության գաղտնիքը սիրով պատրաստելու մեջ է։ Միակ գործը, որ մայրիկը՝ Գոհարը, անում է` սպասքը լվանալն է։
Տիգրան Միքայելյանի պատրաստած չիզքեյքերը
© Photo : provided by Tigran Mikayelyan
«Չնայած տարիքին` խստապահանջ է ամեն հարցում ՝ մաքրությունից մինչև սննդամթերքների ընտրություն։ Նրա մոտ ամեն ինչ թարմ է, իսկ հատապտուղները հիմնականում սեփական այգուց է հավաքում»,– Sputnik Արմենիային ասում է Գոհարը։
Հետաքրքրությունը խոհարարության ու հրուշակագործության հանդեպ փոքր հասակից է՝ սիրել է մայրիկին խոհանոցում օգնել, երբ նա գաթա կամ թխվածք էր պատրաստում։
Չիզքեյք պատրաստելը երիտասարդի միակ զբաղմունքը չէ, Տիգրանը նաև քաղաքի հյուրատներից մեկում խոհարար է աշխատում։ 16 տարեկանից է նա խոհարարությամբ զբաղվել քաղաքի տարբեր ռեստորաններում ու սրճարաններում։
Հետաքրքիր է, բայց ընտանիքում խոհարարներ չկան՝ հայրը շինարար է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Գյումրիում Տիգրանն իր զբաղմունքով կարծրատիպեր է կոտրում։ «Իմ ձեռքբերումներով ու հաջողություններով շատ են ուրախանում ոչ միայն իմ ծնողները, այլ նաև իմ ընկերները։ Նույնիսկ նրանցից շատերը, տեսնելով իմ հաջողությունները, մտածում են այս մասնագիտությունն ընտրելու մասին»,- ասում է Տիգրանը։
Տիգրան Միքայելյանի պատրաստած շոկոլադային չիզքեյքը
© Photo : provided by Tigran Mikayelyan
Պատմում է, որ սկզբում ռեստորաններում ու սրճարաններում չիզքեյք պատվիրողները չէին հավատում, որ դրանց հեղինակը գյումրեցի երիտասարդ տղա է։
«Եթե ամեն ինչի մեջ սեր ներդնես, ապա կերակուրը համեղ կստացվի։ Որքան էլ ուշ գիշեր լինի կամ վաղ առավոտ, պետք է սիրով անեմ, որ արդյունքը լավը ստացվի»,- ասում է երիտասարդը ու հմտորեն զարդարում և փաթեթավորում չիզքեյքը։
Չիզքեյքի ընտրությունը պատահական չէր. խոհարար աշխատելու ընթացքում Տիգրանը նկատում է, որ քաղաքի հյուրերը պատվիրում են չիզքեյքեր, որոնք այդքան էլ չեն գոհացնում նրանց։ Որոշում է ինքնուրույն սովորել պատրաստել այդ աղանդերը։ Հմտանում է ժամանակի ընթացքում, իսկ մասնագիտության գաղտնիքներին տիրապետել օգնում են Աբու Դաբիում անցկացվող դասընթացները։
Տիգրան Միքայելյանի պատրաստած չիզքեյքերը` իր այգուց հավաքած հատապտուղներով
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Անուշահամ չիզքեյքի պատրաստումը Տիգրանի միակ ձեռքբերումը չէ, արդեն չորս տարի է դասընթացավար է՝ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում խոհարարության դասընթաց է վարում, իսկ աշակերտները 14-56 տարեկաններն են։ «Սկզբից իմ աշակերտները թերահավատորեն են ընդունում ինձ, բայց շատ շուտ էլ փոխում են իրենց կարծիքը»,-ասում է Տիգրանը։
Ընտրած մասնագիտությունն ու նորին հասնելու ձգտումը քիչ ազատ ժամանակ են թողնում ընկերների հետ շփվելու համար, բայց Տիգրանը չի դժգոհում՝ հիմա ժամանակն է նոր ձեռքբերումների ու նոր փորձառությունների։ Չնայած փորձին, ճանաչմանն ու հաջողություններին, սովորելու տեղ դեռ ունի ու պատրաստ է հմտանալ իր ընտրած գործի մեջ։
Երիտասարդի երազանքը ծննդավայրում չիզքեյքերի սեփական սրճարանի հիմնումն է։ Կուզեր, որ զբոսաշրջիկները Գյումրի գային, նաև իր չիզքեյքերը փորձելու համար։