ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանն ու քաղաքակիրթ աշխարհին միջամտել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։ Նրա տեսաուղերձը սոցցանցերում հրապարակել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
Իր ուղերձում նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:
Աբրահամը նշել է նաև, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է:
«120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է»,– ասել է նա:
Նա հայտնել է, որ մարդկանց սովի մատնելու այս քայլը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։