Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 12–ի

Այս պահին փրկարարները որոնում են 25 մարդու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճայի շրջան) տեղի ունեցած սողանքից հետո զոհերի թիվը հասել է 12–ի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
«Փրկարարները հայտնաբերել են ևս մեկ անհետ կորածի դի։Այս պահին փրկարարները տարհանել են 210 մարդու, որոնվում է 25 մարդ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 փրկարար և 200 զինվորական։ Բացի այդ, որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են սահմանային ոստիկանության ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա։
Փորձագետները նշում են, որ Շովի հանգստավայրում սողացել է մոտ 5 մլն խմ պինդ զանգված։ Նրանք կարծում են, որ այս փուլում Շովիում նման բնական աղետի կրկնության վտանգ չկա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճայի շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։
Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: