Մի խումբ մարզիկներ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հարցով դիմել են Աննա Վարդապետյանին

Մարզիկները նշել են, որ կարևորում են գործի անաչառ և արդար քննությունը, միաժամանակ խնդրում են փոխել Սմբատյանի խափանման միջոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Մի խումբ ճանաչված մարզիկներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորման որոշումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։
«Մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում»,–նշված է հայտարարության մեջ։
Միջնորդությունը ստորագրել են հետևյալ մարզիկները.
Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն,
Արմեն Նազարյանը` հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն,
Մալխաս Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակիկի չեմպիոն,
Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն,
Կարեն Մնացականյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Վաղինակ Գալուստյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն
Գևորգ Ղարիբյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն
Արսեն Հարությունյան` ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն
Վիկ Դարչինյան` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի իննակի չեմպիոն,
Արթուր Աբրահամ ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն,
Տիգրան Պետրոսյան` գրոսմայստեր, շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող,
Եղիշե Մելիքյան` Փյունիկ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նույնատիպ միջնորդությամբ դիմել էին մի խումբ մտավորականներ։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։