«Մահից չեմ վախենում». ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Euronews-ի ռեպորտաժը հիվանդ արցախցու մասին

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մասին է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում բնակչությանը։Twitter-ում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը և վերահրապարակել Euronews-ի ռեպորտաժը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ Ստեփանակերտի բնակիչ Վաչիկ Բաբաջանյանի մասին, որը բուժվում է Երևանում։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի և անմարդկային շրջափակումը անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այս ամենի հետևում կանգնած է 120 հազար մարդու իրական պատմություններ, ինչպիսին սա է։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից ու իր սիրած մարդկանցից զրկվելու ցավից», - գրել է Բադալյանը։
Euronews-ի ռեպորտաժում Ստեփանակերտի` քաղցկեղով հիվանդ բնակիչն ասում է, որ ինքը չի մտածում իր հիվանդության մասին, ինքը չի վախենում մահից: Վախենում է կարոտել իր տունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։