ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստիան Սալամանկան հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ինքնագիր է վերցրել ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին` հղում անելով արգենտինական La Nacion պարբերականին:
«Սալամանկան արդեն մեկուկես տարի ապրում է Մայամիում, աշխատել է տեղական ընկերությունում և առաջին անգամ է մաքրություն կատարել «Ինտերի» մարզադաշտում»,–նշում է պարբերականը։
Ընդգծվում է, որ մարզադաշտի բոլոր աշխատակիցներից պահանջվում է պահպանել պրոֆեսիոնալ վարքագիծ, նրանց արգելվում է ինքնագրեր խնդրել ֆուտբոլիստներից։
«Ես զուգարաններն էի մաքրում այն հատվածում, որտեղ կանգնած էին ավտոբուսները: Ես այնտեղ էի, երբ ավտոբուսը կանգնեց, և խաղացողները դուրս եկան: Վերջինը Մեսսին էր: Ես ձայն տվի նրան, մեկնեցի մարկերն ու Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը։ Նա ինձ տվեց իր ինքնագիրը։Միանգամից եկան անվտանգության աշխատակիցները, ինձ կանչեցին և հեռացրին աշխատանքից, բայց Մեսսիի հետ շփման ամեն վայրկյանն արժեր դրան», - ասել է Սալամանկան։
«Ինտեր Մայամին», որի սեփականատերներից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է, հուլիսի 15-ին հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին:
36-ամյա արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։
2021 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունը և մեկ անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթի հաղթող։
Արգենտինացին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։