Ուկրաինայի հետ բանակցություններ են մեկնարկել անվտանգության երաշխիքների մասին. ԱՄՆ Պետդեպ

Պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ ուշադրության կենտրոնում են լինելու Ուկրաինային այնպիսի ուժերով ապահովելը, որոնք կարող են պաշտպանել նրան այսօր և ապագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպը օգոստոսի 3–ին հաստատել է, որ Վաշինգտոնն ու Կիևը սկսել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցեր քննարկել։ Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր Պետդեպի, ԱՄՆ պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության խորհրդի (Սպիտակ տան) ներկայացուցիչները հանդիպել են ուկրաինացի գործընկերներին` սկսելու համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքներին առնչվող երկկողմ բանակցությունները», – ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ ուշադրության կենտրոնում են լինելու Ուկրաինային այնպիսի ուժերով ապահովելը, որոնք կարող են պաշտպանել նրան այսօր և ապագայում, ռազմական ինստիտուտների և Ուկրաինայի արդյունաբերության ոլորտներում արդյունավետության և թափանցիկության բարձրացումն ու աջակցությունը, ինչպես նաև աջակցելն այնպիսի բարեփոխումների անցկացմանը, որոնք նպաստում են Կիևի` եվրաատլանտյան ձգտումներին հասնելուն։
Ավելի վաղ այն մասին, որ Ուկրաինան և ԱՄՆ–ն սկսել են Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ բանակցությունները, հայտնել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։