Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու փոխարեն նորը կպատրաստվի

Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
Անվանի քանդակագործի ստեղծած կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացել են 2021 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի` 2 տարի առաջ գողացված կիսանդրու փոխարեն շուտով նորը կպատրաստվի և կտեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացել էին 2021 թվականին: ԿԳՄՍՆ–ն դիմել էր ոստիկանություն, բայց մինչ օրս չի պարզվել, թե ով է եղել գողը։
Կիսանդրու հեղինակն անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է, որի 100–ամյակը նշվելու է այս տարի։ ԿԳՄՍՆ–ն ֆինանսական միջոցներ է նախատեսել Շուշանիկ Կուրղինյանի` պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար:
«Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում կնքվել է պայմանագիր»,– ասված է հաղորդագրությունում:
Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք, մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:
Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: