Նախորդ շաբաթ աննախադեպ բան կատարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսում. պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան խորհրդարանում լսումներ տեղի ունեցան չճանաչված թռչող օբյեկտների շուրջ։ Ընդ որում` հիմնական ելույթ ունեցողները ոչ թե ոգևորված ակտիվիստներն էին, որոնք աշխարհի բոլոր երկրներում էլ ինչ-որ անհավանական պատմություններ են պատմում, այլ հատուկ ծառայությունների և զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնցից մեկը խոստովանեց՝ երբեք էլ այլմոլորակայինների գոյությանը չեմ հավատացել, բայց ախր, մոտ 20 տարի առաջ աչքովս եմ տեսել այնպիսի բան, որի բացատրությունը չունեմ։
Ի՞նչ է տեսել ամերիկյան զինուժի վաստակաշատ վետերան Դեյվիդ Ֆեյվորը, որը եղել է ռազմական ավիացիայի Black Aces էլիտար ստորաբաժանման հրամանատար։ Ըստ նրա պատմածի` դա պատահել է 2004 թվականին։ Մոտ երկու շաբաթ շարունակ Կալիֆոռնիայի ափամերձ տարածքում օվկիանոսի վրա անշարժ կախված է եղել սպիտակ օվալաձև ինչ-որ օբյեկտ, ինչն առաջացրել է զինվորականների անհանգստությունը։
Վերջապես Ֆեյվորը երկու այլ օդաչուների հետ միասին ռազմական ինքնաթիռով ուղևորվել է դեպի այդ տարօրինակ օբյեկտը, որը, այսպես ասած, անմիջապես փախուստի է դիմել, այսինքն, զարգացրել է աներևակայելի արագություն և անհետացել հորիզոնից այն կողմ։ Այս նույն պատմությունը գրեթե բառ առ բառ Կոնգրեսում կրկնեցին մնացած երկու օդաչուները, որոնց վկայությամբ, օբյեկտը ո՛չ տեսանելի թևեր ուներ, ո՛չ էլ շարժիչ, այսինքն` պարզ չէ, թե ինչպես էր այն երկու շաբաթ մնում օդում՝ հաղթահարելով երկրագնդի ձգողությունը։
«Կարծո՞ւմ եք արդյոք, որ ձեր տեսած օբյեկտը վտանգ էր ներկայացնում Ամերիկայի համար»,- կոնգրեսականներից մեկի այս հարցին Դեյվիդ Ֆեյվորը դրական պատասխան տվեց՝ բացատրելով. «Եթե ինչ-որ մեկն ունի նման անհավատալի տեխնոլոգիաներ, որոնց մենք բացարձակ ոչինչ չենք կարող հակադրել, ուրեմն այդ տեխնոլոգիաները, բնականաբար, սպառնալիք են Միացյալ Նահանգների համար»։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է միայն հիմա՝ 20 տարի անց, հայտնում կատարվածի մասին, Ֆեյվորը պատասխանեց. «Հենց նույն օրը շատ մանրամասն զեկույց եմ ներկայացրել հրամանատարությանը՝ ակնկալելով, որ ինձ անմիջապես կհրավիրեն մանրամասները պատմելու։ Բայց չհրավիրեցին ո'չ այդ, ո'չ հաջորդ օրը, ընդհանրապես այդ տարօրինակ դեպքը որևէ մեկին չհետաքրքրեց, իսկ մի քանի տարի անց դարձա պահեստի սպա»։
Ավելի աղմկահարույց հայտարարություններ արեց Կոնգրեսի ենթահանձնաժողովում ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության Ազգային վարչության նախկին աշխատակից Դեյվիդ Գրաշը, որը տեղեկացրեց, որ 2019 թվականից մասնակցել է չճանաչված թռչող օբյեկտներն ուսումնասիրող պետական գաղտնի հանձնաժողովի աշխատանքին, նույնիսկ մի քանի ամիս գլխավորել է այդ կառույցը, իսկ այս տարվա գարնանը պաշտոնաթող է եղել։ Գրաշը, որը Կոնգրեսի ամբիոնից երդվեց ասել միայն ճշմարտությունը, պնդեց, թե ամերիկյան իշխանությունները տեղյակ են այլմոլորակայինների գոյության մասին, բայց թաքցնում են դա։ Ի դեպ, մինչև այս լսումները Գրաշը շատ ավելի առարկայական էր քննադատել իշխանություններին։
Դեռ հունիսին ամերիկյան և ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Դեյվիդ Գրաշը պատմել էր, որ Վաշինգտոնը այլմոլորակայինների մասին իմացել է դեռ 20-րդ դարի սկզբին։ Նրա վկայությամբ, այլմոլորակային առաջին ապարատը վթարի է ենթարկվել 1933 թվականին Իտալիայում, սակայն Բենիտո Մուսոլինին դա գաղտնի է պահել։ Այնուամենայնիվ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Վատիկանը այդ վթարի մասին իր աղբյուրներից ստացված տվյալները փոխանցել է ԱՄՆ-ի կառավարությանը։ Եվ 1944 կամ 45 թվականին բեկորները տեղափոխվել են Ամերիկա։ Գրաշը Կոնգրեսում պնդեց, որ արդեն 80 տարի շարունակ տարբեր պետություններ պայքարում են միմյանց դեմ՝ փորձելով առաջինը տիրանալ այլմոլորակայինների վթարված սարքերին, որպեսզի օգտագործեն նրանց ստեղծած տեխնոլոգիաները ռազմական գերակայության համար։
Հանուն ճշմարտության ասենք, որ այս հայտարարություններին կոնգրեսականները թերահավատորեն մոտեցան։ Ու դա երևի հասկանալի է՝ մի բան է, երբ բանակում ծառայած երեք օդաչուներ պարզապես պատմում են իրենց տեսածը՝ նաև վերապահում անելով, որ այլմոլորակայինների այցելություններին չեն հավատում, բոլորովին այլ բան է, երբ նախկին հետախույզը սեփական դատողություններն է ներկայացնում՝ առանց որևէ փաստական հիմնավորման։ Այնինչ, ամերիկացի աստղագետ, պրոֆեսոր Քրիս Իմփին ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում նշել է. «Այ, եթե Գրաշի ասածները հաստատվեն, և այլմոլորակային օբյեկտների մնացորդներ հայտնաբերվեն, դա իրոք կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, բայց մինչ այդ ես ստիպված եմ ղեկավարվել «ոսկե կանոնով»՝ գիտությանը իրեղեն ապացույցներ են անհրաժեշտ»։
Ավելացնեմ, որ հայտնի գիտնական Կառլ Սագանը դեռ տարիներ առաջ փաստել է՝ արտառոց պնդումները արտառոց ապացույցներ են պահանջում։