ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 2023 թ. հուլիսի 22–ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»,– գրել է Մարուքյանը Twitter–ում:
Նրա խոսքով` այսօր բախվում ենք Ադրբեջանի կողմից 2020 թվականին համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի ու սկզբունքի դեմ սանձազերծված պատերազմի սարսափելի հետևանքներին, բայց ԼՂ ամբողջական էթնիկ զտումները կանխելու հնարավորություն կա։
«Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։