ՀՀ–ում օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը Ռուսաստանից է. Գոնչար

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը. Արխիվային լուսանկար
Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալն ավելացել է ռեկորդային` 3,3 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Անցյալ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ հասնելով 5 մլրդ դոլարի։ ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
Նա ընդգծել է, որ դրական դինամիկան նաև այս տարի է պահպանվում։
«Հունվար–մայիս ամիսներին առևտուրը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 86%–ով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար։ Ընդ որում, ռեկորդային՝ 3,3 անգամ աճել է Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան, ինչը թույլ է տալիս խոսել հայ արտադրողների համար ռուսական շուկայի առաջնահերթության մասին»,– ասել է ռուս դիվանագետը։
Նա ընդգծել է, որ ակնկալվում է ապրանքաշրջանառության շարունակական աճ` հատկապես հաշվի առնելով, որ հունիսի կեսերին զգալիորեն ընդլայնվել է Վերին Լարսի անցակետի թողունակությունը։
«Հուլիսի վերջին մեկնարկել են Բաթումիի և Նովոռոսիյսկի միջև կանոնավոր ծովային կոնտեյներային բեռնափոխադրումները՝ լաստանավի մոտ 12 հազար տոննա բեռնունակությամբ»,– նշել է Գոնչարը:
Նրա խոսքով` հայաստանյան տնտեսության մեջ օտարերկրյա բոլոր ներդրումների գրեթե կեսը Ռուսաստանից է։ Առաջին կիսամյակում խոշորագույն հարկատուներ են դարձել ռուսական մասնակցությամբ տնտեսվարողները, ինչպես օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ու «Գազպրոմ Արմենիան»։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի գլխավոր շահառուներից մեկն է։ 2022 թվականին դեպի Միության երկրներ հայկական արտահանման ծավալն աճել է 1,6 մլրդ դոլարով՝ 2021 թվականի համեմատ գրեթե 3 անգամ։