ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վրաց ժողովրդին ցավակցել է Վրաստանի Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի համար։ Նա այդ մասին գրառում է արել Twitter–ում։
«Խորապես վշտացած եմ Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի լուրից, որը մարդկային կյանքեր խլեց։ Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին, այս դժվարին պահերին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն և համբերություն»,– նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճա շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։
Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: