20 000 դոլարով «շենգեն են դասավորել». ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է

Հանցավոր խումբը ՀՀ 5 քաղաքացիների 20 000 դոլարի դիմաց տրամադրել է կեղծ փաստաթղթեր։
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Զ.Մ-ի, Ա.Մ-ի, Ա.Մ-ի, Ե.Մ-ի, Ս.Մ-ի անօրինական միգրացիան կազմակերպելու համար Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Գ-ն նախնական համաձայնության է եկել «ՍՍ թրեվել» տուրիստական գործակալության տնօրեն Ս.Պ-ի և վերջինիս քրոջ՝ Լ.Պ-ի հետ։
«Վերջիններս` 2023 թվականի հունիսին 20 000 դոլարի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում պատրաստել են նրանց վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ ծննդյան և մահվան կեղծ վկայականներ, որոնք այլ փաստաթղթերի հետ միասին Զ.Մ-ն, Ա.Մ-ն, Ա.Մ-ն, Ե.Մ-ն, Ս.Մ-ն 2023 թվականի հունիսի վերջերին ներկայացրել են ՀՀ-ում եվրոպական երկրներից մեկի դեսպանատուն և դրանց հիման վրա շուրջ 10 օր անց հիշյալ անձանց տրամադրվել են «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրեր»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը, իսկ Ա.Գ-ի նկատմամբ կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։
Նշվում է, որ նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, «ՍՍ թրեվել» տուրիստական կազմակերպությունում, որի արդյունքում հայտնաբերվել են նախապես կնիքված տարբեր կազմակերպությունների ձևաթղթեր, կեղծ կնիքներ, փաստաթղթեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
«Խուզարկության արդյունքում ի հայտ եկած հանգամանքների համադրումը թույլ է տալիս ենթադրել, որ հանցավոր խումբը, բացի վերոգրյալ 5 անձանցից, կազմակերպել է նաև բազմաթիվ այլ քաղաքացիների անօրինական միգրացիան դեպի Եվրոպա և ԱՄՆ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված խմբի գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին։